Հարգելի բարեկամ
20-րդ դարում մենք ականատես եղանք գիտության և տեխնիկայի այնպիսի վերելքի, որից հետո ստեղծվեց մի իրավիճակ, երբ սկսեցինք այլևս ոչ մի նորության վրա չզարմանալ: Մեծ հույսեր կապեցինք 21-րդ դարի հետ, համոզված լինելով, որ կստեղծվեն նոր նյութեր, նոր տեխնոլոգիաներ, նոր հնարավորություններ, որոնք մարդկության առաջ կբացեն նոր դռներ: Եվ այս ամենի իրականացման գրավականն է գիտելիքը և դրա տարածումը: Դրան է ուղղված այս տեղեկագրի հիմնադումը: Այսպիսով, ստեղծվում է մի հարթակ, որը հնարավորություն կտա գիտության տարբեր ճյուղերի ներկայացուցիչներին փոխանակել միմյանց հետ մոտեցումներ տարբեր խնդիրների լուծման վերաբերյալ, աշխարհին հասանելի դարձնել իրենց ձեռքբերումները:
Իհարկե, կարող է հարց առաջանալ` արդյո՞ք չկային նման տեղեկագրեր, և ո՞րն է այս նոր տեղեկագրի տեղը գոյություն ունեցողների մեջ: Պատասխանը մեկն է՝ կային, բայց դրանք քիչ են, իսկ որոշ դեպքերում էլ չեն բավարարում արդի պահանջներին: Այլ կերպ ասած` ամեն մի նոր երեխայի ծննդյան հետ մենք մեծ հույսեր ենք կապում, որ նա կդառնա ամենա-ամենան: Եվ այս առումով տեղեկագրի ստեղծողները նրա համար ակնկալում են լուրջ ապագա: Համոզված եմ, որ տեղեկագրում տպագրվելը պատվաբեր կլինի աշխարհի շատ գիտնականների համար:
2019թ. տեղեկագիրը ներառվել է ԲՈԿ-ի կողմից ընդունելի գիտական հանդեսների ցուցակում: Հանդեսը տպագրվում է անվճար:
Հարգանքով`
Տեղեկագրի համակարգող խորհրդի նախագահ,տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Մհեր Մարկոսյան
Հարգելի գործընկեր
Շնորհակալ եմ կայքից օգտվելու համար: Հուսով եմ` այստեղ կգտնեք Ձեզ համար օգտակար տեղեկություններ տեղեկագրի կառուցվածքի, հոդվածների ներկայացման կարգի, տպագրված նյութերի և այլ անցուդարձի վերաբերյալ:
Մեր նպատակը տեղեկագրի պատշաճ գիտական մակարդակի ապահովումն է, որտեղ իրենց գիտական աշխատանքի արդյունքները կարող են տպագրել հետազոտողներ աշխարհի տարբեր երկրներից: Տեղեկագրում հոդվածներ հրատարակելու մատչելիության ապահովումը մեր կարևորագույն խնդիրներից է: Հեղինակներին անհրաժեշտ կլինի միայն պահպանել տեղեկագրի կանոնները և ապահովել ներկայացվող նյութի բարձր գիտական մակարդակ:
Տեղեկագրի որակով մենք պատասխանատու ենք միջազգային գիտական հանրության առջև:
Հարգանքով`
Տեղեկագրի խմբագրական խորհրդի նախագահ,տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Հովհաննես Թոքմաջյան